Ես ներում եմ քեզ…

Saturday, October 24th, 2009

Քեզ ներելու համար կյանքիցս պահանջվեց ընդհամենը մի քանի օր, իսկ քեզնից մի հավիտենություն է պահանջվում ներել ինձ ընդհամենը մի բան. “Կյանքիս մեջ մի անգամ քեզ չեմ ներել”: Ու դու այնքան հիշաչար ես, որ ես նույնիսկ երբեմն մտածում եմ` արդյո՞ք դու այն ես եղել, ինչ հիմա ես…

Երբեմն փողոցում տեսնում եմ ինչ-որ մեկին` որ պարզապես քո երկար մազերի նման մազեր ունի, կամ հագին մի շոր է, որից դու էլ ունեիր /չնայած հիմնականում քո հագուստը ունիկալ է, դրանից միայն դու ունես… երևի պարզապես նման է լինում քո հագուստին/ ու քեզ հիշելիս մի տարօրինակ զգացում նորից ինձ ստիպում է խելագարվել միայն այն մտքից, որ դու ինձ այդպես էլ չներեցիր իմ չգործած մեղքը…

Ես քեզ ներել եմ նույնիսկ քո մտովի դավաճանությունը, քո տարօրինակ հեռացումն ու անպատասխան հարցս. “Ինչո՞ւ…”: Հետո լռությունդ փոխարինեցիր մի պատասխանով… Ավելի լավ կլիներ, եթե խուլ լինեի…

Ու չներեցի քեզ սկզբում… որովհետև դու նույնիսկ ներողություն էլ  չխնդրեցիր… Իմ գնալու պահին նույնիսկ չասեցիր, որ ինձ սիրում ես… Այնինչ հետո պնդում էիր, որ դա այդպես ԷՐ…

Հետո ես ներեցի քեզ… Բայց երևի ուշ էր արդեն… որովհետև ներումն էլ պետք է ժամանակին լինի…

Ինչևէ… ես նույնիսկ քեզ ներում եմ` ինձ չներելդ…

Խառն եմ… շատ խառը…

Monday, October 12th, 2009

Վարպետ կանգառում պահեք… վայ դե շուշուտ իջեք էլի… թե չէ էս դեմի 55-ը սաղ պասաժիռներիս տարավ…

Ախչի լսի, հեսա հեռախոսիս փողերը պրծնում են, սայթից դուրս եմ գալիս, համ էլ մատերս հոգնել են գրելուց, հասնեմ խանութ լիցքավորման քարտ կառնեմ, լիցքավորեմ ու գրեմ… Հա մՌութս, բայց նայի չուշանաս, էսօր Գագոս ասել ա գալու ա մեր շենքի մոտ, կարողա պատուհանից նայեմ, մեջը կլնես որ պատմեմ ոնցն ա…

Սմբո բարի օր, Ապե են ավտոյի հարցն ինչ եղա՞վ, արա հո չե՞ս գժվԷ, Նանուլենց արդեն ասել եմ Սևանի համար, վաղը պոկվում ենք: Լավ ազիզ, տես ինչ ես անում, բան արա բան ըլնի…

Աշոտիկ բալես, հլը մամային ասա ինչ ա՞ պետք, հեսա հասնում եմ մեր կանգառ, հաց-մաց, սոկ… Ապեր հլը տուր մամային… Գայուշ երեխեն պամպերս ունի՞….

Նար հլը նայի ինչ սիրուն շորիկ ա, կյանքս ուզում եմ դրանից առնեմ… Ախչի կարողա՞ դու անասուն ես, ուզում ես քաղաքով մեկ խայտառակ ըլնե՞մ, լուչշէ քրոջդ էն կանաչ վերխը կհագնես… էտի սեքսոտ ա բայց գոնե փակ ա…

Էս կնիկը թե խի նստեց… տենում էս լիքն ա մարշուտը, հիմա պիտի տեղ տա՞մ… Էկեք նստեք մորքուր ջան, հեսա իջնում եմ… ՄԵՐՍԻ ԲԱԼԵՍ, ՏՈՒՐ ԲՌՆԵՄ ՁԵՌԻԴ ՍՈՒՄԿԵՆ…

Բարձրանաք կպահեք… Ստացեք…

—– Ու ես իջա —-

Քո երեք տառը…

Wednesday, October 7th, 2009

Քո երեք տառն այնքան քիչ են, որ եթե ամեն մատիս դաջեմ դրանցից մեկը, մնացած 7 մատերս ավելորդ կլինեն: Քո երեք տառն այնքան շատ են, որ ներսումս նրանց շատությունից արդեն ուրիշ ոչ մի բանի համար տեղ չի մնացել:

Քո երեք տառն այնքան անիմաստ են, որ նրանցով նունիսկ աքրոստիկոսիս քառատողը չի ավարտվում: Քո երեք տառն այնքան բազմիմաստ են, որ նրանց համադրությունը և’ հոլովված բայ է, և’ գոյական:

Երբեմն նրանք ոչինչ են, իսկ երբեմն` ամեն ինչ…

Քո երեք տառից մարմնովս սարսուռ է անցնում` կարոտից, բայց միևնույն ժամանակ քո երեք տառով այնքան եմ ջերմանում, որ քրտինքը պատում է ճակատս` ասես տենդի մեջ լինեմ:

Քո երեք տառն ուզում եմ վանել ինձնից` ձեռքիս մեջ ամուր սեղմած: Քո երեք տառից զզվում եմ արդեն` խենթանալու աստիճան սիրելով:

Ու թե քո երեք տառն ինձ լքեն, ես կվազեմ նրանց ետևից մինչև լուսաբաց, հետո կարթնանամ` ասես ոչինչ չի էլ եղել:

Տուր ինձ քո երեք տառը, և ես այն կվերադարձնեմ քեզ` անհապաղ…

Քո երեք տառն ինձ պետք չեն… Քեզ պահի’ր… Կտաս ուրիշին…

Նվիրվում է Ա.Մ.-ին

SQL-ինյեկցիա, ի՞նչ է սա

Monday, October 5th, 2009

ՄԱՍ 1.

SQL Injection-ը բավականին լավ գործիք է հակերի ձեռքին, որպեսզի ստանա ուրիշի սերվեր մուտք գործելու հնարավորություն: Եվ չնչին ցանկության դեպքում /իսկ հակերների մոտ այդ չնչին ցանկությունը այլ մարդկանց համար ահռելի մեծ է/ նա կստանա այդ հնարավորությունը :)

Coder inside

Մեր ժամանակներում, տվյալների բազայի հետ աշխատում են համարյա բոլոր ծրագրավորման լեզուներով, օրինակ` BASIC, C++, Java, PERL, PHP, Assembler և նույնիսկ JavaScript! Շատ հաճախ տվյալների բազան օգտագործում են ֆինանսական որոշակի խնդիրների լուծումների, հաշվապահության, կադրերի կառավարման և շատ այլ ոլորտների մեջ, բայց իրենց մեծ տարածումը տվյալների բազաները գտան հենց ինտերնետում:

Տվյալների բազաները հաճախ օգտագործվում են ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ մեջ: Նրանք օգնության են հասնում օրինակ գրանցված անդամների տվյալների պահպանման, կայքում որոնում իրականացնելու և շատ այլ դեպքերում: Տվյալների բազաներին դիմելու համար օգտագործվում են այսպես ասած սերվերային տեխնոլոգիաները, ինչպիսիք են` PHP, PERL, ASP և այլն: Ու հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը:  Որովհետև երբ սերվերի վրա տեղադրված են բոլոր թարմացումները, իսկ ֆայրվոլն արգելափակում է մուտքը բոլոր պորտերով, բացի 80-ից, կամ երբ անհրաժեշտ է մուտք գործել համակարգ` որոշակի տվյալների համար, հակերին միայն մնում է օգտվել ինչի՞ց… Դե իհարկե  SQL Injection-ից/այսուհետ SQL-ինյեկցիա/: Այս “գործողության” իմաստը կայանում է ՎԵԲ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ սխալների օգտագործումը SQL-ի օգնությամբ: Բանը նրանում է, որ շատ վեբ կայքեր, իրենց գրանցված անդամների տվյալների մշակման համար կազմում են որոշակի SQL-հրամաններ, որոնք կատարում են փոփոխություններ տվյալների բազայի մեջ:  Այս հրամանների օգտագործումը կարող է հանգեցնել հետաքրքիր արդյունքների… (more…)

Սիսադմի՞ն, թե՞ վեբ ծրագրավորող…

Saturday, October 3rd, 2009

Պատկերացրեք մեկը սիսադմին ա/ովքեր չգիտեն, կասեմ սիսադմինը էն մարդն ա ով համակարգում ա 2 և ավելի համակարգիչներից բաղկացած ցանցը/, ու ինքը էնքան ա աշխատել, որ հոգնել ա ու արձակուրդ ա գնացել… Ընդհամենը 15 օր:

Բայց ինքը արձակուրդ ա գնացել ոչ միայն նրա համար, որ հոգնած-մեռած-տանջահար վիճակում ա, այլ նաև որպեսզի իրան տրամադրի ու ավարտին հասցնի որոշ կիսատ թողած վեբ-սայթերի աշխատանքներ:

Էստեղ հարց ա ծագում. “Էս մարդը, սիսադմին ա՞, թե՞ վեբ ծրագրավորող”: Ես հակված եմ մտածել, որ ինքը, եթե թողել ա սիսադմինի գործը, թե ինչ ա վեբ-ի կիսատ գործերն անի, ուրեմն նա վեբ ծրագրավորող ա… Չէ՞… Եթե սխալ եմ, ուղղեք…

Մյուս կողմից էլ, եթե էս մարդն արդեն հեսա 2 տարի ա սիսադմին ա… ուրեմն ինքը մի բան գիտի, որ իրան պահում են գործի տեղը, այսինքն ինքը նաև սիսադմին ա:

Դէ հիմա ասեք… ԵՍ ՍԻՍԱԴՄԻՆ Ե՞Մ, ԹԵ՞ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ…

Էջեր: 1 2 Հաջ

Վճարված գովազդ ::