Քո երեք տառն այնքան քիչ են, որ եթե ամեն մատիս դաջեմ դրանցից մեկը, մնացած 7 մատերս ավելորդ կլինեն: Քո երեք տառն այնքան շատ են, որ ներսումս նրանց շատությունից արդեն ուրիշ ոչ մի բանի համար տեղ չի մնացել:
Քո երեք տառն այնքան անիմաստ են, որ նրանցով նունիսկ աքրոստիկոսիս քառատողը չի ավարտվում: Քո երեք տառն այնքան բազմիմաստ են, որ նրանց համադրությունը և’ հոլովված բայ է, և’ գոյական:
Երբեմն նրանք ոչինչ են, իսկ երբեմն` ամեն ինչ…
Քո երեք տառից մարմնովս սարսուռ է անցնում` կարոտից, բայց միևնույն ժամանակ քո երեք տառով այնքան եմ ջերմանում, որ քրտինքը պատում է ճակատս` ասես տենդի մեջ լինեմ:
Քո երեք տառն ուզում եմ վանել ինձնից` ձեռքիս մեջ ամուր սեղմած: Քո երեք տառից զզվում եմ արդեն` խենթանալու աստիճան սիրելով:
Ու թե քո երեք տառն ինձ լքեն, ես կվազեմ նրանց ետևից մինչև լուսաբաց, հետո կարթնանամ` ասես ոչինչ չի էլ եղել:
Տուր ինձ քո երեք տառը, և ես այն կվերադարձնեմ քեզ` անհապաղ…
Քո երեք տառն ինձ պետք չեն… Քեզ պահի’ր… Կտաս ուրիշին…
— Նվիրվում է Ա.Մ.-ին —