Հայկական սոցիալական ցանցեր… Համեմատություն

Այսօր որոշեցի ուսումնասիրություն անել և համեմատությունների տեսքով նկարագրել հայկական սոցիալական ցանցերը: Իհարկե դրանք շատ չեն, քանի որ “գերհզոր” համադասարանցիների կայքն իր ողջ “գեղեցկությամբ” կլանել է մերոնց: Ամեն դեպքում գուցե իրականում հայկական սոցիալական ցանցեր շատ կան, բայց ես ուզում եմ համեմատել իրար հետ դրանցից ընդհամենը երեքը` druzja.am, hayutyun.am, hayland.am:

social-networks

Երկար-բարակ չգրեմ, միանգամից անցնեմ ուսումնասիրությանս:

www.druzja.am

Անկեղծ կասեմ` երբ առաջին անգամ Մոսկվա կինոթատրոնի շրջակայքում գեղեցիկ վերնաշապիկով երտասարդները բաժանում էին փոքրիկ ինքնասոսնձվող թղթի կտոր, ես ուրախացա: Գնահատում եմ, երբ նախագիծը ուրույն “մարքեթինգային” քայլեր է անում: Հենց այդ երեկո գրանցվեցի այս կայքում ու, ցավով պիտի նշեմ, որ առաջին հայացքից էլ դուրԸս չեկավ: Հիմա փորձեմ մի քիչ մանրամասնեմ:

Ուրեմն քիչ առաջ փորձում էի մտնել իմ գրանցած տվյալներով, բայց պարզվեց որ ճիշտ չեմ հիշում գաղտնաբառս: Դե… Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, լրացրեցի էլ.փոստիս հասցեն, և համակարգին խնդրեցի հնարավորություն տալ փոխել գաղտնաբառս: Ու ֆունկցիոնալության տեսանկյունից առաջին հիասթափությունս եղավ այն, որ համակարգը ոչ թե ինձ հիշեցրեց իմ գաղտնաբառը, կամ ոչ թե ուղարկեց հղում, որին սեղմելով ինձ կթողներ փոփոխել գաղտնաբառս, այլ “չոր” ձևով ինձ ուղարկեց ավտոմատ գեներացված նոր գաղտնաբառ: Այսինքն, ստացվում է այնպես, որ եթե ուզում ես մեկի գլխին խաղ խաղալ, և գիտես, թե ինչ էլ.փոստի հասցեով է նա գրանցված այդ կայքում, կարող ես պարբերաբար փոխել նրա գաղտնաբառը. պարզապես լրացնում ես նրա էլ.փոստի հասցեն, և նա կստանա իր նոր գաղտնաբառը: Համաձայնեք, որ շատ մեծ թերություն է…

Պարզապես հպանցիկ ասեմ նաև, որ շաաաաատ մեծ դժվարությամբ են բեռնում այդ կայքը իմ բոլոր 4 բրաուզերները` firefox, chrome, ie, opera: Իհարկե չեմ բացառում, որ խնդիրը կարող է լինել նաև նրանց լատվիական հոսթինգ պրովայդերից, որի անունը իհարկե չեմ տա, բայց նաև պիտի նշեմ, որ իմ խորին համոզմամբ այդ հոսթինգ պրովայդերի կայքն էլ է գտվում նույն սերվերների վրա, իսկ այդ կազմակերպության կայքը վայրկյանների ընթացքում բեռնավորվում էր:

Վերջապե~ս մտա ներս: Բայց… 90-ականները հիշեցնող դիզայնը հուշում է, որ կայքը երևի դիզայներ չի ունեցել, կամ լավ փող չեն տվել :-D : Երևի թե մարդիկ տեղյակ չեն նոր համակարգերի մասին` ասենք, օրինակ ajax տեխնոլոգիայի մասին:

Ուշադրություն չդարձնենք դիզայնին, որը սակայն գրեթե անհնար է, և տեսնենք` ինչ կա ներսում: Իսկ ներսում հիմնականում նույնն է, ինչ համադասարանցիների մոտ` Ընկերներ, Ընկերների ընկերներ, ծննդյան տոներ, հրավերներ, հաղորդագրություններ, ֆավորիտներ, լուսանկարների գնահատականներ, ֆորում և այլն, ավելին` նույնիսկ ՕՆԼԱՅՆ-ի նկարն է համադասարանցիների նման: Ուրեմն ասեմ, թե ինչ նոր ֆունկցիաներ կան այս կայքում, որը չկա համադասարանցիների մոտ`

  1. Ակցիա. Յուրաքանչյուր քո կողմից հրավիրված ընկեր քեզ նվիրում է 1 բոնուս, իսկ յուրաքանչյուր 5 բոնուսի դիմաց դու կարող ես պրոֆիլիդ նկարների քանակը ավելացնել մեկով: Դե քանի որ նախնական վիճակում հնարավոր է ավելացնել ընդհամենը 3 հատ նկար, ապա իմ կարծիքով աշխատող ակցիա է:
  2. Լուսանկարների ԹՈՓ. Ահա այսպես են մարդիկ անվանել լուսանկարների ռեյտինգային դասակարգումը` ըստ ընկերների գնահատականների: Ահա այստեղ մի տեսակ փորձում են նաև արհեստականորեն ծանոթացնել թոփ-ի միևնույն տեղերում գտնվող աղջկան և տղային, նրանց նկարները իրար կողքի դնելով և փորձելով հասկացնել, որ “Բան արեք, բան ըլնի…”:
  3. Կա ինչ-որ գաղտնի երկրպագու, որի իմաստը այդքան էլ չհասկացա, միայն հասկացա, որ կարող ես դառնալ ցանկացած մարդու երկրպագու և եթե երկրպագու դառնալու ֆորմայում չլրացնես քո տվյալները, ապա կդառնաս ԳԱՂՏՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒ: Բայց թե ինչի համար, դա արդեն անհասկանալի մնաց ինձ :)
  4. ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ. Այստեղ կարող ես քո ձեռք բերած միավորները փոխարինել ինչ-որ բաներով` VIP նվեր, 10-ով գնահատելու հնարավարություն և նման բաներ:
  5. Ամենակարևորը թողել էի վերջում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նորույթ` “Ընկերների ընկերների ընկերներ”… ինձ թվում է, որ խոսքերն ավելորդ են:

Ահա այսքանը կասեմ այս կայքի մասին: Լավն է, թե վատը, կգնահատեք Դուք, որովհետև ինչպես ասում են. “Ճաշակին ընկեր չկա”…

www.hayutyun.am

Նախ սկսեմ նրանով, որ հարգեցի այն առումով, որ առանձնացված սերվեր ունեն կայքի համար: Սա դիտարկում եմ, որպես առավելություն նախորդի համեմատությամբ: Ինչ կարող եմ ասել ընդհանուր առմամբ դիզայնի մասին, իմ կարծիքով գեղեցիկ է: Կայքն ինքնին ամեն ինչ հեշտացված է: Ամեն ինչ աչքիդ առաջ է, ու շաաաաաատ մեծ տառերով, դե իսկ ajax տեխնոլոգիան այստեղ արդեն կա:

Փորձեմ էլի հերթականությամբ ասել.

  1. Այս կայքում կա այսպես ասած ՍՏԱՏՈՒՍ-ի տեղ, որը չկար նախորդ կայքում:
  2. Կա անձնական էջի հասցե, որը հեշտացնում է ինչ-որ մեկին միանգամից գտնելու գործողությունը. պարզապես տալիս ես քո ընկերներին անձնական էջիդ հասցեն, որով միանգամից քեզ գտնում են: Սա իմ կարծիքով առավելություն է, որը մի ժամանակ կար համադասրանցիների մոտ, բայց հետո, չգիտես ինչու, հանեցին:
  3. Ծանոթություններ. Այս բաժինը մի տեսակ նմանեցնում եմ հանրահայտ Մամբա-ի ծանոթության էջերին. Լրացնում ես նախ ընտանեկան կարգավիճակդ, հետո, թե ինչ սեռի մարդ ես փնտրում, հետո մազերիդ գույնը, կազմվածքդ, նյութական վիճակդ, հասակ, քաշ և շատ այլ բաներ, ըստ որոնց ծանոթությունը ավելի հաջող կստացվի:
  4. Մասնագիտական գործունեություն. Այստեղ լրացնում ես ներկա աշխատանքիդ մասին մի քանի տեղեկություններ:
  5. Կա CHAT, որտեղ կարող ես հաղորդակցվել օնլայն ընկերներիդ հետ:
  6. Եվ վերջին տարբերությունը, որ ուզում եմ նշել, այն է, որ կա աշխարհի ֆլեշ-քարտեզը, որի վրա կարող ես տեսնել, թե որ պետությունից քանի հոգի կան գրանցված: Ավելին` այդ պետություն յուրաքանչյուր քաղաքի մարդկանց կարող ես տեսնել:

Երևի թե այս կայքի մասին այսքանը: Պարզապես իմ կարծիքով, հեշտ է ամեն ինչ այս կայքում, բայց ինչ-որ բան պակասում է:

www.hayland.am

Մարդիկ օգտագործում են ռուսական հոսթինգ, բայց կայքը արագ է աշխատում: Լավ է:

Օհհհհ… Երկար կարող եմ կանգ առնել այս կայքի վրա, բայց փորձեմ կարճել: Մի խոսքով, ահագին բան են փոխել իրենց կայքում` բացվելուց ի վեր: Ավելացվել են մի շարք ֆունկցիաներ, որոնք չկային ամենասկզբում: Դրանք են.

  1. ՄԱՐԴԻԿ. Ահա այսպես է կոչվում առաջին էջի մի զգալի մասը զբաղեցնող հետաքրքիր նորույթը: Կայքը ստեղծողները փորձել են մաքսիմալ ինտերակտիվություն մտցնել համակարգում, և առանձնացրել են ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ և ԱՍՏՂԵՐԻՆ: Սա առավելություն է այն իմաստով, որ միանշանակ հնարավոր է իմանալ, տվյալ աստղը կամ հասարակակն գործչի գրանցումն իրական է, թե ինչ-որ մեկի խաղը:
  2. Օրագրեր. Իմ կարծիքով սա մի քիչ հիշեցնում է ԲԼՈԳՆԵՐ գաղափարը, պարզապես ֆունկցիոնալ քիչ հնարավորություններով:
  3. Երգեր. Յուրաքանչյուրն ունի երգ ավելացնելու հնարավորություն: Լավ է այնքանով, որ ստեղծված է երգերի մեծ բազա, որտեղից շատ երգեր հնարավոր է գտնել: Սա մի քիչ նմանեցնում է Vkontakte կայքին:
  4. Կազմակերպություններ. Խմբերի գաղափարից առանձնացրել են ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որպես առանձին ֆունկցիոնալ տարրեր, իսկ ավանդական խմբերից բացի այստեղ կան նաև ՏԱՂԱՎԱՐ կամ ՄԻԱՎՈՐՈՒՄ/տաբեր էջերում տարբեր բառերով է գրված/ հասկացողությունը, որի իմաստն անհասկանալի էր ինձ :-D , գաղափարն այնպիսին է, որ ըստ ինչ-որ թեմատիկայի` օրինակ ՍԵՔՍ, ստեղծում ես միավորում, և հրավիրում մարդկանց: Բայց ի՞նչ իմաստ ունի, եթե կան արդեն ԽՄԲԵՐԸ:
  5. ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐ. Սա նույն մեր իմացած ՍՏԱՏՈՒՍ-ն է, պարզապես այստեղ կայքի առաջին էջում երևում են վերջին մի քանի ստատուսները:

Ահա և վերջ… Ավելացնելու ոչինչ չունեմ:

Հույս ունեմ շատ երկար չեմ գրել: Ներող եղեք…

6 Responses to “Հայկական սոցիալական ցանցեր… Համեմատություն”

  1. zhirair says:

    Վարդան ջան, հիանալի վերլուծություն է: Վաղուց էի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց մի տեսակ ձեռքերս չէին հասնում:
    Միայն մի հարց ունեմ: Ի?նչու ես դու զարմանում druzja-ի գաղտնաբառը գեներացնելու ձևից: Ես շատ տեղերում եմ նման բան հանդիպել և կարծում եմ, որ դա նորմալ է, չէ որ կարելի է հետո նոր գաղտնաբառով մտնել համակարգ ու այն փոխել, ինչպես ինքդ ես ցանկանում

  2. Ժիրայր ջան, druzja-ի գաղտանաբառի գեներացման պահը սխալ է: Երևի ուշադիր չես կարդացել պոստիս այդ հատվածը: Լավ արի սենց օրինակ բերեմ: Ենթադրենք ես ուզում եմ քեզ վատություն անեմ, և գիտեմ որ դու օրինակ name@site.com էլ.փոստի հասցեով գրանցված ես այդ կայքում: Քո դուրը կգա՞, որ ես քո գաղտնաբառն ամեն օր փոխեմ: Նորմալ համակարգերը, տվյալ դեպքում, քո էլ.փոստի հասցեին պետք է նամակ ուղարկեր, որտեղ գրված կլիներ.”Հարգելի յուզեր… Ինչ-որ մեկը(գուցե և դուք) խնդրել եք փոփոխել Ձեր գաղտնաբառը: Եթե հարցումը ճիշտ է ուղարկված, սեղմեք ՀԵՏԵՎՅԱԼ հղամանը, իսկ եթե սխալմունք է տեղի ունեցել, պարզապես անտեսեք այս նամակը”:

    Համաձայն չե՞ս ինձ հետ:

  3. zhirair says:

    Համաձայն եմ, որ քո առաջարկած տարբերակն ավելի խելամիտ է, համաձայն եմ, որ իրենց տարբերակում հնարավոր են թերություններ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ սխալը ճակատագրական չէ :)

  4. Գուցե ճակատագրական չէ, բայց օգտագործողների համար արհեստականորեն խնդիրներ է ստեղծում, այնինչ կարելի է դրանից խուսափել:

    Սա է իմ ասածը:

  5. Վահագ says:

    Իսկ ի.նչ կարծիքի եք http://www.MyFriends.am կայքի մասին…
    ճիշտէնոր է,սակայն սպասումներ կան…

  6. Կօգտվեմ, հետո կանդրադառնամ էդ կայքին :D

Leave a Reply






Վճարված գովազդ ::