Սիրահարվել եմ…

Monday, January 11th, 2010

Թե մեղքս միայն
Մեկ անգամ տեսած նուրբ ուրվագծիդ սիրահարվելն էր,
Թող գիժ համարեն չսիրողները…

Թե մեղքս միայն
Չգրկած գիրկդ մանկան ջերմությամբ փառաբանելն էր,
Թող գիժ համարեն սառնարյունները…

Թե մեղքս միայն
Ձեռքդ ձեռքիս մեջ նույնիսկ չսեղմած սեր խոստանալն էր,
Թող գիժ համարեն անհավատները…

Բայց “կույր” աչքերով
Իմ սիրող սիրտը քեզ նվիրելը թե մեղք համարես,
Այդժամ հիրավի ես կխենթանամ…

Ես ներում եմ քեզ…

Saturday, October 24th, 2009

Քեզ ներելու համար կյանքիցս պահանջվեց ընդհամենը մի քանի օր, իսկ քեզնից մի հավիտենություն է պահանջվում ներել ինձ ընդհամենը մի բան. “Կյանքիս մեջ մի անգամ քեզ չեմ ներել”: Ու դու այնքան հիշաչար ես, որ ես նույնիսկ երբեմն մտածում եմ` արդյո՞ք դու այն ես եղել, ինչ հիմա ես…

Երբեմն փողոցում տեսնում եմ ինչ-որ մեկին` որ պարզապես քո երկար մազերի նման մազեր ունի, կամ հագին մի շոր է, որից դու էլ ունեիր /չնայած հիմնականում քո հագուստը ունիկալ է, դրանից միայն դու ունես… երևի պարզապես նման է լինում քո հագուստին/ ու քեզ հիշելիս մի տարօրինակ զգացում նորից ինձ ստիպում է խելագարվել միայն այն մտքից, որ դու ինձ այդպես էլ չներեցիր իմ չգործած մեղքը…

Ես քեզ ներել եմ նույնիսկ քո մտովի դավաճանությունը, քո տարօրինակ հեռացումն ու անպատասխան հարցս. “Ինչո՞ւ…”: Հետո լռությունդ փոխարինեցիր մի պատասխանով… Ավելի լավ կլիներ, եթե խուլ լինեի…

Ու չներեցի քեզ սկզբում… որովհետև դու նույնիսկ ներողություն էլ  չխնդրեցիր… Իմ գնալու պահին նույնիսկ չասեցիր, որ ինձ սիրում ես… Այնինչ հետո պնդում էիր, որ դա այդպես ԷՐ…

Հետո ես ներեցի քեզ… Բայց երևի ուշ էր արդեն… որովհետև ներումն էլ պետք է ժամանակին լինի…

Ինչևէ… ես նույնիսկ քեզ ներում եմ` ինձ չներելդ…

Քո երեք տառը…

Wednesday, October 7th, 2009

Քո երեք տառն այնքան քիչ են, որ եթե ամեն մատիս դաջեմ դրանցից մեկը, մնացած 7 մատերս ավելորդ կլինեն: Քո երեք տառն այնքան շատ են, որ ներսումս նրանց շատությունից արդեն ուրիշ ոչ մի բանի համար տեղ չի մնացել:

Քո երեք տառն այնքան անիմաստ են, որ նրանցով նունիսկ աքրոստիկոսիս քառատողը չի ավարտվում: Քո երեք տառն այնքան բազմիմաստ են, որ նրանց համադրությունը և’ հոլովված բայ է, և’ գոյական:

Երբեմն նրանք ոչինչ են, իսկ երբեմն` ամեն ինչ…

Քո երեք տառից մարմնովս սարսուռ է անցնում` կարոտից, բայց միևնույն ժամանակ քո երեք տառով այնքան եմ ջերմանում, որ քրտինքը պատում է ճակատս` ասես տենդի մեջ լինեմ:

Քո երեք տառն ուզում եմ վանել ինձնից` ձեռքիս մեջ ամուր սեղմած: Քո երեք տառից զզվում եմ արդեն` խենթանալու աստիճան սիրելով:

Ու թե քո երեք տառն ինձ լքեն, ես կվազեմ նրանց ետևից մինչև լուսաբաց, հետո կարթնանամ` ասես ոչինչ չի էլ եղել:

Տուր ինձ քո երեք տառը, և ես այն կվերադարձնեմ քեզ` անհապաղ…

Քո երեք տառն ինձ պետք չեն… Քեզ պահի’ր… Կտաս ուրիշին…

Նվիրվում է Ա.Մ.-ին

Կանգնի’ր, ժամանակ

Friday, October 2nd, 2009

Կանգնի’ր, ժամանակ,
Ձեռքս դրել եմ քո զարկերակին,
Որ արագ չանցնես իմ կյանքի ուղով:
Կես լուրջ, կես կատակ
Քեզ համոզել եմ, որ սեր-կրակին
Սիրտ եմ խորովում` շաղախված հողով:
Գիտեմ, որ ինձ պես դու էլ չես ուզում
Ետ մնալ կյանքի սրընթաց վազքից,
Գիտեմ, որ ինձ պես դու էլ չես հուզվում
Անցյալ վշտերի կեղեքող ցավից:

Կանգնի’ր, ժամանակ,
Ձեռքս պարզել եմ քո ճանապարհին,
Որ կանգառ խնդրեմ գեթ մեկ րոպեով:
Գեթ մի ակնթարթ
Թող որ փաթաթվեմ քո մերկ ուսերին,
Թող որ հիանամ քո նուրբ վարսերով:
Հալվող մոմի պես
Փարվել եմ ուզում անգո մարմնիդ,
Չէ՞ որ դու եւ ես
Առանց մեկմեկու ապրել չգիտենք:

Կանգնի’ր ժամանակ,
Դու դեռ պետք ես իմ ապագա ցավին,
Որ մոռացվելու կարիք է զգալու:
Կանգնի’ր ժամանակ,
Ինքդ էլ գիտես, որ քո կորստյան
Ցավի պատճառով ես եմ սգալու…

Պատկերացրեք…

Friday, October 2nd, 2009

Պատկերացրեք տերև,
Որ դողում է քամուց
Ու գլորվում գետնին
Ստիպողաբար…

Պատկերացրեք անձրև,
Որ հորդահոս գալիս,
Ու թրջում է խոնարհ,
Չոր տերևին…

Պատկերացրեք հիմա
Երկու սիրող սրտեր
Լրիվ պատահաբար
Կանգ են առնում հանկարծ
Մեր տերևի սրտին:

Պատկերացրեք տերև,
Թեկուզ խոնավ արդեն,
Բայց և փշուր-փշուր
Գետնին թափված…

Պատկերացրեք աշուն…

Էջեր: 1 2 Հաջ

Վճարված գովազդ ::