December 10 2009

Իմ ապագան` իմ աչքերով

Բլոգում պոստ գրելիս ամենադժվարը առաջին նախադասություն գրելն ա: Բայց ոնց հասկցաք, արդենք սկսել եմ: Так что գնացի~նք:

Էրեգ իրիկունը ուղեղս մի բան մոգոնեց… էլի… Ես դրան կանվանեմ “Հայացք դեպի իմ ապագան”:

Մտածում էի, ինչ լավ կլիներ, եթե ինտենրետ մտնեի մտովի: Ասենք, քնած ժամանակ, կամ թեկուզ ուղղակի աչքերս փակեմ ու պատկերացնեմ օրինակ ireport.am-ը: Աչքիս առաջ գան  էդ կայքի վերջին գրառումները, հետո ասենք սեղմեմ ինչ-որ հոդվածի վրա (մտովի), ու “բացի” էդ հոդվածն ամբուղջությամբ: Հետո նոր TAB բացեմ վիրտուալ FireFox-իս մեջ, ուրիշ սայթի հասցե հավաքեմ… ու տենց: Մի խոսքով էսքան հավաքելը հոգնացնում ա ու ժամանակատար ա: Կամ թեկուզ ես պոստը գրելն էլ վիրտուալ լիներ էլի…

Ուրիշ “խորացում” ասեմ… Սրա մասին շատ վաղուց էինք խոսում ես ու ընկերս` Վարդան Պապիկյանը: Մտածում էինք, որ շուտով ժամանակը կգա ու էսպիսի արտահայտությունները ծիծաղելու չեն լինի.”Վարպետ, մինչև hotlist.am ինչքանով կտանե՞ս”, կամ օրինակ սենց հայտարարություններ կլինեն. “Ուղիղ չվերթ ireport.am -> hotlist.am -> neomedia.am -> ireport.am ընդհամենը 15000 դրամով, միայն մեր հարմարավետ վիրտու-ինքնաթիռներով(virtu-bus)”:

Էսպիսի շատ նորամուծություններ շուտով կլինեն մեր կյանքում, ես համոզված եմ ու անհամբեր սպասում եմ դրան… Երանի գան էդ ժամանակները:

November 22 2009

Բոլգերների ակումբ #1

Tagged Under : , ,

Bloggers-CLub-WallՃիշտն ասած, էս վերջերս չէի հասցնում բլոգիս մեջ գրել, բայց էսօրվա ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ հետո մի տեսակ էլի էն էնտուզիազմը մտավ մեջս, ասեց “Ախպեր արի համաձայնվի,որ շատ լավ էր”: Բայց ես ասում եմ. “Չէ… լավ չէր… ՄԱՀ ԷՐ…”: Հասկացողը հասկացավ ասածս…չհասկացողն էլ հասկացավ իրա ուզած ձևով… ՄԻ ԽՈՍՔՈՎ… Գլուխ գովալ չլնի… ասեք. “Դե Նեոմեդիան ա կազմակերպել հավաքը, ինքն էլ պիտի տենց ասի, որովհետև Նեոմեդիայից ա…”:

Չեմ ուզում գրել մանրամասն, թե ով ինչ ասեց, ով ինչով պատասխանեց առաջինի ասածին: Թե չէ կստացվի կինոյի սցենար…

October 24 2009

Ես ներում եմ քեզ…

Քեզ ներելու համար կյանքիցս պահանջվեց ընդհամենը մի քանի օր, իսկ քեզնից մի հավիտենություն է պահանջվում ներել ինձ ընդհամենը մի բան. “Կյանքիս մեջ մի անգամ քեզ չեմ ներել”: Ու դու այնքան հիշաչար ես, որ ես նույնիսկ երբեմն մտածում եմ` արդյո՞ք դու այն ես եղել, ինչ հիմա ես…

Երբեմն փողոցում տեսնում եմ ինչ-որ մեկին` որ պարզապես քո երկար մազերի նման մազեր ունի, կամ հագին մի շոր է, որից դու էլ ունեիր /չնայած հիմնականում քո հագուստը ունիկալ է, դրանից միայն դու ունես… երևի պարզապես նման է լինում քո հագուստին/ ու քեզ հիշելիս մի տարօրինակ զգացում նորից ինձ ստիպում է խելագարվել միայն այն մտքից, որ դու ինձ այդպես էլ չներեցիր իմ չգործած մեղքը…

Ես քեզ ներել եմ նույնիսկ քո մտովի դավաճանությունը, քո տարօրինակ հեռացումն ու անպատասխան հարցս. “Ինչո՞ւ…”: Հետո լռությունդ փոխարինեցիր մի պատասխանով… Ավելի լավ կլիներ, եթե խուլ լինեի…

Ու չներեցի քեզ սկզբում… որովհետև դու նույնիսկ ներողություն էլ  չխնդրեցիր… Իմ գնալու պահին նույնիսկ չասեցիր, որ ինձ սիրում ես… Այնինչ հետո պնդում էիր, որ դա այդպես ԷՐ…

Հետո ես ներեցի քեզ… Բայց երևի ուշ էր արդեն… որովհետև ներումն էլ պետք է ժամանակին լինի…

Ինչևէ… ես նույնիսկ քեզ ներում եմ` ինձ չներելդ…

October 12 2009

Խառն եմ… շատ խառը…

Վարպետ կանգառում պահեք… վայ դե շուշուտ իջեք էլի… թե չէ էս դեմի 55-ը սաղ պասաժիռներիս տարավ…

Ախչի լսի, հեսա հեռախոսիս փողերը պրծնում են, սայթից դուրս եմ գալիս, համ էլ մատերս հոգնել են գրելուց, հասնեմ խանութ լիցքավորման քարտ կառնեմ, լիցքավորեմ ու գրեմ… Հա մՌութս, բայց նայի չուշանաս, էսօր Գագոս ասել ա գալու ա մեր շենքի մոտ, կարողա պատուհանից նայեմ, մեջը կլնես որ պատմեմ ոնցն ա…

Սմբո բարի օր, Ապե են ավտոյի հարցն ինչ եղա՞վ, արա հո չե՞ս գժվԷ, Նանուլենց արդեն ասել եմ Սևանի համար, վաղը պոկվում ենք: Լավ ազիզ, տես ինչ ես անում, բան արա բան ըլնի…

Աշոտիկ բալես, հլը մամային ասա ինչ ա՞ պետք, հեսա հասնում եմ մեր կանգառ, հաց-մաց, սոկ… Ապեր հլը տուր մամային… Գայուշ երեխեն պամպերս ունի՞….

Նար հլը նայի ինչ սիրուն շորիկ ա, կյանքս ուզում եմ դրանից առնեմ… Ախչի կարողա՞ դու անասուն ես, ուզում ես քաղաքով մեկ խայտառակ ըլնե՞մ, լուչշէ քրոջդ էն կանաչ վերխը կհագնես… էտի սեքսոտ ա բայց գոնե փակ ա…

Էս կնիկը թե խի նստեց… տենում էս լիքն ա մարշուտը, հիմա պիտի տեղ տա՞մ… Էկեք նստեք մորքուր ջան, հեսա իջնում եմ… ՄԵՐՍԻ ԲԱԼԵՍ, ՏՈՒՐ ԲՌՆԵՄ ՁԵՌԻԴ ՍՈՒՄԿԵՆ…

Բարձրանաք կպահեք… Ստացեք…

—– Ու ես իջա —-

October 07 2009

Քո երեք տառը…

Քո երեք տառն այնքան քիչ են, որ եթե ամեն մատիս դաջեմ դրանցից մեկը, մնացած 7 մատերս ավելորդ կլինեն: Քո երեք տառն այնքան շատ են, որ ներսումս նրանց շատությունից արդեն ուրիշ ոչ մի բանի համար տեղ չի մնացել:

Քո երեք տառն այնքան անիմաստ են, որ նրանցով նունիսկ աքրոստիկոսիս քառատողը չի ավարտվում: Քո երեք տառն այնքան բազմիմաստ են, որ նրանց համադրությունը և’ հոլովված բայ է, և’ գոյական:

Երբեմն նրանք ոչինչ են, իսկ երբեմն` ամեն ինչ…

Քո երեք տառից մարմնովս սարսուռ է անցնում` կարոտից, բայց միևնույն ժամանակ քո երեք տառով այնքան եմ ջերմանում, որ քրտինքը պատում է ճակատս` ասես տենդի մեջ լինեմ:

Քո երեք տառն ուզում եմ վանել ինձնից` ձեռքիս մեջ ամուր սեղմած: Քո երեք տառից զզվում եմ արդեն` խենթանալու աստիճան սիրելով:

Ու թե քո երեք տառն ինձ լքեն, ես կվազեմ նրանց ետևից մինչև լուսաբաց, հետո կարթնանամ` ասես ոչինչ չի էլ եղել:

Տուր ինձ քո երեք տառը, և ես այն կվերադարձնեմ քեզ` անհապաղ…

Քո երեք տառն ինձ պետք չեն… Քեզ պահի’ր… Կտաս ուրիշին…

Նվիրվում է Ա.Մ.-ին

Էջեր: Նախ 1 2 3 4 5 6 7 8 Հաջ