Ափսոս…

Monday, April 26th, 2010

Էնքան դժվար ա…Երբ սպասում էիր ինչ-որ արտառոց մի բանի, բայց պարզվում ա, որ նորից նույնն ա` նորից նույն անտարբերությունն եմ զգում, նույն անզգացմունքայնությունը, նույն սառնությունը…Գուցե ես եմ էդպիսին, գուցե իրոք շուտ եմ հոգնում ամեն ինչից ու բոլորից: Ուզում եմ համոզված լինել, որ ամեն ինչի մեղավորը ես եմ, ու եթե պիտի ինչ-որ մեկը պատճառ հանդիսանա այս բաժանման, էս անգամ թող ես լինեմ: Սիրտս գուցե հանգիստ լինի էս անգամ, եթե իմանամ, որ ինձ չեն լքել, այլ ես եմ լքել:

Ես վատն եմ… Գիտեմ…

Բոլորն էլ ինչ-որ մեկի համար վատն են լինում, ու թող ես վատը լինեմ քեզ համար: Գիտես… Կներես, բայց ես չեմ ափսոսում: Առաջին անգամ կյանքիս մեջ, բաժանումից հետո ես ուրախ եմ: Իզուր չեն ընկերներս զարմանում, երբ ժպիտը դեմքիս ասում եմ “Բաժանվեցինք…”: Ինչո՞ւ են բոլորը սպասում, որ ես պիտի միշտ տխուր լինեմ:

Ես ինձ էնքան հանգիստ ու լավ եմ զգում հիմա: Սրտիս վրայից ծանր բեռն ընկավ վերջապես, վեր-ջա-պես…

Ների’ր ինձ, Աստված…

Սիրահարվել եմ…

Monday, January 11th, 2010

Թե մեղքս միայն
Մեկ անգամ տեսած նուրբ ուրվագծիդ սիրահարվելն էր,
Թող գիժ համարեն չսիրողները…

Թե մեղքս միայն
Չգրկած գիրկդ մանկան ջերմությամբ փառաբանելն էր,
Թող գիժ համարեն սառնարյունները…

Թե մեղքս միայն
Ձեռքդ ձեռքիս մեջ նույնիսկ չսեղմած սեր խոստանալն էր,
Թող գիժ համարեն անհավատները…

Բայց “կույր” աչքերով
Իմ սիրող սիրտը քեզ նվիրելը թե մեղք համարես,
Այդժամ հիրավի ես կխենթանամ…

Սպիտակ թղթի նման…

Thursday, October 1st, 2009

Մատներս սպիտակ թղթին “նկարում են” ՈՉԻՆՉ-ը: Այն նույն ոչինչը, որի անունն է միայն մնացել, բայց ինքը լեցուն է ամեն ինչով: Այդ նույն ոչինչն է, որ ինձ ստիպում է քեզ տեսնելիս խոսել միայն մտքում: Այդ նույն ոչինչն է, որ մտքիս մեջ պոեմներ է ստեղծում, իսկ թղթին պատկերվում դատարկության տեսքով: Հենց նա է, որ հայելու պես դրոշմվել է ներսումս` ինձ դարձնելով իր պես…դատարկ…բայց և լեցուն ամեն ինչով:

Ու թե կանգնեցնես ձեռքիս շարժումը, որն օրենքով պիտի ոչինչը նկարեր, կտեսնես, որ իրականում այդ դատարկ թղթին այբուբենի երեք տառ կողք-կողքի կանգնած, սառած աչքերով նայում են քեզ… Ու թե “աչքերն են մարդու ամենաթաց տեղը”, ուրեմն ես լրիվ չորացել եմ: Որովհետեև նույնիսկ աչքերս են հիմա քամու պես չոր… Հիշո՞ւմ ես, դու ինձ թևեր նվիրեցիր` դեպի հավիտենություն թռչելու համար, ուրեմն իմացիր, որ այդ թևերը քո գնալուց հետո չեն գործի: Ուստիև, ո՞ւմ են պետք դրանք: Եթե որպես հիշատակ պիտի պահեմ, ես կուզեի, որ այդ հիշատակը քո գոյ-ից մի մասնիկ լիներ: Ու թևերն այդ նույնքան չոր են հիմա, որքան աչքերս, որ “օրենքով” պիտի ամենաթաց տեղսլինեին:

Հարցեր…Հարցեր, որ իրենց ընկերոջը չեն գտնում քո պատասխանների մեջ: Գուցե նրանք ստեղծված են առանց ընկեր ապրելու համար: Իսկ ե՞ս… Իմ անունը ոչ ՀԱՐՑ է, ոչ էլ ԴԱՏԱՐԿ ԹՂԹԻ ԿՏՈՐ, որ մեկի համար դատարկ է, մյուսի համար երեք տառ:

Գիտե±ս… Ինչ էլ անես, դու արդեն իմ մեջ ես, սրտիս մեջ: Ու գնալուց նույնիսկ մի խնդրիր, որ քեզ հանեմ այնտեղից: Որովհետև եթե ծրագրավորման լեզվով ասեմ, իմ սիրտը STACK է: Նրա մուտքն ու ելքը նույն տեղից է,իսկ դա նշանակում է, որ առաջին մտնողը դուրս է գալիս ամենավերջում… Դու արդեն մտել ես… Հերթը ես չեմ սահմանում…Հերթը վաղուց սահմանված է…

Դուրս արի, եթե կարող ես… Բայց ես քեզ չեմ օգնի:

Հիշո՞ւմ ես…Դու փետուր էիր, իսկ ես փորձում էի քեզ որսալ: Անընդհատ փախչում էիր ինձնից…Մերթ նեղանում ու թաքնվում էիր մի անկյունում, իսկ ես փնտրում էի ու փնտրում քեզ… Հետո, երբ գտնում էի, խնդրում էի, որ էլ ինձնից չնեղանաս ու չթաքնվես… Դու ոչինչ չէիր ասում…Եվ քանի դեռ ես չեմ ընտելացել քո լռության այբուբենին, ինձ համար այդպես էլ անհաս կմնան քո լուռ-բառերի իմաստն ու գեղեցկությունը: Ես քո լռությունն ընկալում էի այս սպիտակ թղթի նման… Այն մեկի համար դատարկ է, մյուսի համար`երեք տառ…

Հիշո՞ւմ ես…

Նվիրվում է Ա.Մ.-ին: Այս ստեղծագործության հիման վրա կա նաև ֆլեշ անիմացիա, այն կարող եք քաշել այստեղից:


Վճարված գովազդ ::